Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»

Ի՞նչ կա Հայաստանի համար «եվրարժեքների  ու եվրաստանդարտների ընդհանուր ծրարում»
24.10.2017 | 09:34

(Նախորդ մասը)

Հայաստանի համար «արևմտյան օպերայի» մյուս արարը... կրոնական աղանդավորության քարոզն է: Հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունները կամ աղանդները ավելի ու ավելի հրապուրիչ են դառնում բնակչության համար: Բայց ոչ միայն այն պատճառով, որ Հայ առաքելական եկեղեցու ավանդական կրոնական գործունեությունը ինչ-որ տեղ արդեն քիչ է բավարարում ազգի հոգևոր պահանջմունքները: Վերջերս Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովում Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայ առաքելական եկեղեցու բնավ էլ ոչ բոլոր առաջնորդներն են հեռացել ժողովրդից: Բայց հարցն այն է, որ աղանդները էական ֆինանսական ներարկումներ են ստանում... Արևմուտքից: Եվ փողի զորությամբ նորանոր հետևորդներ են հավաքագրում: Երևանում ապրում և աշխատում է այդ թեմայով շատ իրազեկ մի մարդ՝ Ալեքսանդր Ամարյանը՝ Հայաստանում քայքայիչ պաշտամունքների զոհերի վերականգնման ու օգնության կենտրոնի ղեկավարը: Նա այդ թեմայով այնքան շատ տեղեկատվական նյութ է կուտակել, որ ցանկացած մեկը, ով ծանոթանում է մանրամասներին, ուղղակի սարսափում է: Եվ այն ամենը, ինչ հասցրել է կուտակել պարոն Ամարյանը, մեկ գրավոր նյութի շրջանակներում անհնար է տեղավորել: Ալեքսանդր Ամարյանը կարծում է, որ Հայաստանում գործող շատ աղանդներ հավատն օգտագործում են քաղաքական նպատակների հասնելու համար, հաղորդել է REX լրատվական գործակալությունը:

«Աղանդները մեծ սպառնալիք են Հայաստանի համար: Այսօրվա դրությամբ մեր երկրում կա մոտ 350 հազար աղանդավոր: Բուն աղանդի ներսում ոչ մի ահավոր բան չկա, ամենաահավորը քայքայիչ աղանդներն են: Դրանք իրենց գործունեության մեջ օգտագործում են ներշնչման և տեխնիկական միջոցներ»,- ընդգծում է Ամարյանը: Նրա ասելով, քայքայիչ աղանդները հիմնականում ունեն արևմտյան ծագում. «20 տարում հայերի հավատը մեծ ճաք է տվել: Դա լուրջ խնդիր է, և մենք պետք է մեկ միասնություն դառնանք: Աղանդներն օգտագործվում են նաև քաղաքական նպատակներով: Հայաստանում աղանդավորներն օգտագործում են պարտիզանական պատերազմի եղանակը: Գրախանութներում լիքը աղանդավորական գրականություն կա: Մարդիկ թակարդն են ընկնում, տալիս ունեցվածքը: Մեզանում քիչ են մասնագետ հոգեբանները, որոնք կարող են աշխատել այդ ուղղությամբ: Հայաստանում մասնագետների խնդիրը ազդում է դրա վրա: Աղանդավորական դասագրքերը բովանդակությամբ հավաքագրման դասագրքեր են հիշեցնում: Հավատը զենք է դարձել քաղգործիչների ձեռքին, որոնք հավատն իրենց նպատակների համար են օգտագործում»: Ցավոք, օտարերկրյա աղանդների իսկական նպատակը ազգի միասնության խաթարումն է, նրա հոգևոր և բարոյական հիմքերի խարխլումը, սերունդների հարաբերությունների խզմանը նպաստումը: Իշխանությունները լռության են մատնում այս փաստերը, վախենալով հնարավոր հասարակական հուզումներից: Եվս մեկ մեջբերում. «Եվս 24 երիտասարդներ են հրաժարվել այլընտրանքային զինվորական ծառայությունից, ընդ որում` նույն օրը, նույն ժամին»,- 2010 թ. դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով՝ «Եհովայի վկաները» չեն ընդունում պետականությունը որպես այդպիսին: «Այդ աղանդները մեր պետությունը աստիճանաբար տանում են կործանման»,- ընդգծել է Ամարյանը: Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ նշել է, որ նման գործողությունները «հարված են թիկունքից, որ աղանդավորությունը հասցնում է պետությանը»: «Նրանք մի գլուխ խոսում են մարդասիրությունից, բայց հրաժարվում են մարդկանց օգնելուն միտված աշխատանքից»,- ասել է նա: Իսկ ահա թե ինչ է հայտարարել Ա. Ամարյանը 2012 թ. փետրվարին. «Պետք է հրապարակել Հայաստանի այն քաղաքական կուսակցությունների ցուցակը, որոնք համագործակցում են աղանդների հետ՝ հաղորդել է Regnum լրատվական գործակալությունը»: Ամարյանի ասելով, նման համագործակցությունը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը: Փորձագետը պնդել է, որ աղանդավորական կառույցները, մասնավորապես՝ բապտիստական, բանակցություններ են վարում Հայաստանի տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, ձգտելով ընտրություններում նրանց «վաճառել» իրենց հետևորդների ձայները: Ամարյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում են աղանդավորական կառույցների մասնաճյուղեր, որոնք նախկինում իրենց ակտիվորեն դրսևորվել են այն երկրներում, որտեղ «գունավոր հեղափոխություններ» են տեղի ունեցել: Վերջիններիս թվում են «Տիրոջ առաքելությունը»՝ ՈՒկրաինայում, և «Հավատո խոսքը»՝ Վրաստանում: Ներկայումս Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը» և «Տիրոջ զինվորները» աղանդները: Իսկ ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնք առհասարակ ոչ մի առնչություն չունեն որևէ ավանդական եկեղեցու հետ: Բացի դրանից, կան նաև մի շարք չգրանցված աղանդներ:


2013 թ. Ամարյանն էլ ավելի մեծ վրդովմունքով դիմեց Հայաստանի հանրությանը: «Շատ օրինակներ կան, որ աղանդավորներն սկսել են ակտիվորեն գործել բանակում և փորձում են քարոզ անել: Այսինքն` «հոգեորս» է կատարվում»,- հայտարարել է նա 2013 թ. դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում, ավելացնելով, որ անձամբ իրեն ութ նման դեպք է հայտնի: Ամարյանն ասել է, որ թեև պաշտպանության նախարարությունը տեղյակ է այդ խնդրին, սակայն ինքը զարմացած է, որ դրան հակազդելու ոչ մի քայլ չի ձեռնարկվում: «Նորություններ-Հայաստան» գործակալության այն հարցին, թե բանակի և ուժային կառույցների նկատմամբ աղանդների հետաքրքրությունը արդյո՞ք միայն «հոգեորսի» հետ է կապված, Ամարյանը նշել է, թե քանի որ Հայաստանում բոլոր աղանդներն ու նման կառույցները ֆինանսավորվում և կառավարվում են արտասահմանից, ապա չի բացառվում, որ, բացի «հոգեորսից», դա նաև լրտեսական տեղեկությունների հավաքման նպատակ է հետապնդում: Այդ կապակցությամբ նա նշել է, որ աղանդավորական կառույցների աշխարհագրական տեղաբաշխման վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ գտնվում են զորամասերի մոտակայքում: Ամենավտանգավորները, իհարկե, տոտալիտար աղանդներն են, ինչպես, օրինակ, եհովականները, մորմոնները, խարիզմատները, սայենտոլոգները և մի շարք այլ աղանդներ:
Մեջբերեմ նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի խոսքերը: 2014 թ. նոյեմբերի վերջին, պատասխանելով աղանդավորների դեմ Հայ առաքելական եկեղեցու գործողությունների վերաբերյալ հարցին, նա հարցազրույցներից մեկում հայտարարել է. «Անշուշտ, մեր եկեղեցին ակտիվորեն գործում է այդ ուղղությամբ: Բերեմ այսպիսի մի օրինակ: Հիշու՞մ եք գորբաչովյան վերակառուցման ու հրապարակայնության ժամանակները: Ահա, ինձ մոտ կան միանգամայն ճշգրիտ տվյալներ այն մասին, որ արդեն 1980-ի սկզբներից, երբ դեռ գրեթե ոչ ոք չէր ենթադրում, թե մեր գլխին վերակառուցում է պայթելու, Միացյալ Նահանգներում զանգվածային հոգևոր «դեսանտ» էր պատրաստվում ԽՍՀՄ-ի տարածք նետելու համար: Հսկայական քանակությամբ քարոզիչներ էին պատրաստել, նրանց միութենական հանրապետությունների լեզուներ էին սովորեցրել: Իսկ արդեն ԽՍՀՄ-ում այդ քարոզիչները գրականություն էին տպել տալիս այդ լեզուներով և տարածում էին: Այսինքն, նախապես պլան էր մշակվել, և սկսել էին ի կատար ածել: Հետո սկսվեց վերակառուցումը, դրան էլ հետևեց Խորհրդային Միության փլուզումը: Մենք՝ այն ժամանակվա Միության և Արևելյան Եվրոպայի «սոցլագերի» տարածքի տեղական եկեղեցիներս, բացարձակապես պատրաստ չէինք դրան: ՈՒ հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեց այն նույն բազմադեմ «դեսանտը», որի մեջ էին Եհովայի վկաները, հիսունականները, խարիզմատները, սայենտոլոգները և այլն, և այլն: 1980-ականների վերջին Հայ առաքելական եկեղեցին ընդամենը 29 գործող եկեղեցի ուներ Հայաստանում, երկուսը՝ Ադրբեջանում (Բաքվում ու Կիրովաբադում), եկեղեցիներ կային Վրաստանում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում և այլուր: Մեր ուժերը շատ քիչ էին: Այսօր, փառք Աստծո, իրավիճակն այլ է. Հայ առաքելական եկեղեցու կազմում արդեն ավելի քան 600 եկեղեցի է գործում, զգալիորեն մեծացել է հոգևորականների թիվը: Կտրուկ ակտիվացել է նաև տեղեկատվական-հրատարակչական գործունեությունը, տպագրվում են տասնյակ, հարյուրավոր գրքեր, հրատարակվում են թերթեր ու ամսագրեր, կազմակերպվում են հեռուստառադիոհաղորդումներ, յուրացվում է համացանցը: Հանրակրթական դպրոցներում դասավանդվում է եկեղեցու պատմություն, գործում են կիրակնօրյա դպրոցներ: Ձևավորվել է բանակային հոգևոր հովիվների ինստիտուտը, որոնք աշխատում են զորամասերում: Ի դեպ, այդ ծառայությունը ծնունդ է առել մեզ մոտ՝ Արցախում, այնուհետև՝ 2004 թ., այդ փորձը որդեգրեցին նաև Հայաստանում: Այնպես որ, եկեղեցին իրապես ակտիվ աշխատանք է կատարում աղանդավորության դեմ պայքարի առումով: Սակայն աղանդավորության գործունեության հարուցած խնդիրը դեռևս սուր է ծառացած: Այնպես որ, պայքարը պետք է շարունակել»:


Իհարկե, աղանդավորության տարածումը հատուկ Հայաստանի համար Արևմուտքի մոգոնած երևույթ չէ, ինչը և ընդգծում է Պարգև սրբազանը: Վրացի հետազոտողները, օրինակ, Շոթա Ապխաիձեն, նշում էին իրենց «հեղափոխականների» (Միխեիլ Սաակաշվիլու գլխավորությամբ) կապը տարբեր աղանդների հետ, սկսած «Եհովայի վկաներից», ինչին մասնակցել է «Ազատության ինստիտուտը»՝ վրացի «հեղափոխական» քաղգործիչ Գիգա Բոքերիայի գլխավորությամբ: 2013-14 թթ. ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին աղանդավորների մասնակցության, երկու նշանավոր աղանդավորների՝ «արյունարբու պաստոր» Տուրչինովի և սայենտոլոգ Յացենյուկի դերի մասին բավական շատ վկայություններ կան: Իսկ Հայաստանի պարագայում տարօրինակն այն է, որ, մասնավորապես մորմոններին, երկիր մուտք գործելու հնարավորություն տվել են... Հայաստանի իշխանությունները: Իսկ հիմա հիշենք, թե ինչպիսին էր ԱՄՆ-ի ակտիվությունը Հայաստանում այն ժամանակվա նախագահական ընտրությունների նախօրեին: Այդ տարվա հունվարի 30-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱՄՆ-ի զարգացման միջազգային գործակալության Երևանի հիմնադրամի (USAID) տնօրեն Կարեն Հիլիարդի ու դեսպան Հեֆեռնի բանակցություններում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև այդ տարվա մարտի 31-ը ինչ-որ առանձնահատուկ, «աննախադեպ» (Հիլիարդի բառապաշարով) պայմանագրի ստորագրման շուրջ, որը վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարության և կառավարման ոլորտի զարգացման ծրագրին աջակցության ցուցաբերմանը: Պայմանագրի շրջանակներում USAID-ն առաջիկա հինգ տարում մտադիր էր Հայաստանին 32 մլն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել, այսպես կոչված, «ժողովրդավարական և կառավարման բարեփոխումների» համար: Իսկ ավելի վաղ հենց Հիլիարդն էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ (2012 թ. սեպտեմբերի 26-ին) առաջին անգամ նշել ամերիկյան «օգնության» շարունակման պայմանները: Իսկ այդ պայմանները ավանդաբար հայկական ԶԼՄ-ներում հրապարակեց ինքը՝ ԱՄՆ-ի դեսպան Հեֆեռնը, արդեն 2013-ի հունվարին. «Մենք ձգտում ենք, որ Հայաստանն իր հայացքն ուղղի Արևմուտք»):


Ի դեպ, հիշեցնենք նաև. դեռ 20-րդ դարի 60-70-ականներից քաջ հայտնի է, որ հենց USAID-ի տանիքի ներքո են ԱՄՆ-ի կառավարող շրջանակները քողարկում դիվերսիոն գործողություններն ու պետական հեղաշրջումների սցենարները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրներում, որոնք իրականացվում են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի անմիջական վերահսկողությամբ ու ղեկավարությամբ: Քաջ հայտնի է, այնտեղ, որտեղ, ԱՄՆ-ի կարծիքով, պետք է կառավարեն խամաճիկները, Վաշինգտոնը ոչ մի տնտեսական զարգացում «չի կանխատեսում»: Երևանի արևմտամետ շրջանակները սիրում են փնթփնթալ այն մասին, թե «ամեն ինչ վաճառել են Ռուսաստանին» և այլն: Բայց բանն էլ հենց այն է, որ միաժամանակ նրանք պապանձվում են, երբ խնդրում ես գոնե համեմատական վերլուծությամբ խոսել հայկական տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների մասին: Բայց ամերիկամետ ՀՀ քաղաքացիներից ու՞մ են լրջորեն հուզել երկրի շարքային քաղաքացիների զրկանքներն ու շահերը: Նրանց խնդիրն է իրար մեջ բաժանել արևմտյան «դրամաշնորհային օգնությունը» և վերջ: «ԱՄՆ-ի օգնությունը» նշանակում է հոգածություն այն մասին, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները «այլոց ցուցանակների» ներքո ֆիզիկապես ներկա գտնվեն չգիտես ինչու Վաշինգտոնին պետք եկած տարածքներում: Երկրորդ խնդիրն է՝ նպաստել այն քաղաքական ուժերի Հայաստան վերադառնալուն, որոնք (ոչկառավարական կազմակերպությունների կամ «քաղաքացիական հասարակության» այլ կառույցների տեսքով) «իրենց հայացքները կուղղեն Արևմուտք»:


Արևմուտքի երկրներն առաջ են մղում մարդկության հիմնարար արժեքների վերանայման գաղափարները, որոնք խարխլում են ոչ միայն բարոյականության ու բարոյախոսության հիմքերը, այլև ոչնչացնում են հայ հասարակության պատմական նորմերը: Այդ են վկայում նրանց մոտեցումը ընտանիքի՝ որպես տղամարդու և կնոջ միության, ինստիտուտի վերանայմանը և միասեռ ամուսնությունների գաղափարախոսության ներդրման գործընթացը: Աղանդների արմատավորմամբ ու տարածմամբ խարխլվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, չէ՞ որ մենք ընդունում ենք, որ մեր եկեղեցին ևս հայ ժողովրդի ավանդական քաղաքակրթական արժեքներից է: ՈՒստի և 2017 թ., շատ ավելի վաղ, քան կլինի Հայաստան-ԵՄ այս կամ այն հանդիպումը, որի ընթացքում ենթադրվում է ստորագրել չարաբաստիկ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը», Հայաստանի իշխանությունները պարտավոր են հրապարակել այդ փաստաթղթի լրիվ տեքստը և համաժողովրդական քննարկման դնել այն բոլոր պարտավորությունները, որ Արևմուտքը պարտադրում է հայ ժողովրդին: Բուն միջազգային պայմանագիրը պետք է համահայկական հանրաքվեով անցնի: Եթե իշխանությունն այդ բանը չանի, ուրեմն ճշմարտությունը թաքցնում է ժողովրդից: Իսկ ՈՒկրաինայի ու Վրաստանի օրինակները խոսում են այն մասին, որ շարքային քաղաքացիներից ճշմարտությունը թաքցնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ